ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ալիևը, Նիկոլ հայադավը և «Զանգեզուրի միջանցք» կոչվածը

Ալիևը, Նիկոլ հայադավը և «Զանգեզուրի միջանցք» կոչվածը
27.04.2024 | 14:29

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշել է Հայաստանից առավելագույնը կորզել, ինչը և աստիճանաբար անում է Նիկոլ հայադավի և նրա ոհմակի օգնությամբ: Արցախին ամբողջապես տիրելուց հետո սպասում է, որ Նիկոլը Տավուշում, ուր որ է, իրեն կամ Ադրբեջանին կվաճառի կամ կնվիրի հայկական 4 բնակավայր իրենց տարածքներով, ապա ևս 4-ը, այսպես կոչված, անկլավները, ընդ որում, մեկն Արարատի մարզում (Տիգրանաշենը): Վերջին օրերին էլ կրկին ակտիվորեն օրակարգ է մտցրել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը։

Ահա թե ինչ է ասել Ալիևը «СОР29 և Ադրբեջանի կանաչ տեսլականը» թեմայով միջազգային ֆորումում: Ադրբեջանի նախագահի խոսքի՝ Հայաստանին վերաբերող հատվածները համապատասխան մեկնաբանություններով ներկայացրել է պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ, ՔՊ- ի ընտրացուցակով «Ազգային ժողով» կոչվածի նախկին պատգամավոր (2019- 2021 թթ.), ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ Տաթև Հայրապետյանն իր տելեգրամյան գրառմամբ :
«Ինձ համար, անկեղծ ասած, մեծ հարց է, թե ինչու են այդքան կատաղի ընդդիմանում Զանգեզուրի միջանցքին,- ասել է Ալիևը:- Ինչու են սա համարում վտանգ։ Նրանք ունեն մի տեսակ ֆոբիա, որը չեմ կարող բացատրել։ Նույնիսկ «միջանցք» բառի դեմ են խոսում։ Նրանք կարծում են, որ «միջանցք» նշանակում է ինքնիշխանության խախտում։ Բայց, երբ խոսում ենք Ադրբեջանով հատող Հյուսիս- Հարավ տրանսպորտային միջանցքի մասին, մենք այդ ֆոբիաները չունենք, միջանցքը հայտնի միջազգային բառ է։ Այնպես որ, «Զանգեզուրի միջանցք» լսելով՝ գրեթե խելագարվում են։ Այնպես որ, շատ տարօրինակ է․․․»։
Ակնհայտ է, որ Ալիևը փորձում է մոլորեցնել հանրությանը: Այո, «միջանցքը» հայտնի միջազգային բառ է, և այն իր իմաստով, բովանդակությամբ տարբերվում է ճանապարհից: Միջանցքի և ճանապարհի կարգավիճակները բոլորովին տարբեր են:
Այո, Ադրբեջանին և Նախիջևանին Սյունիքով կամ Վայոց Ձորով միմյանց հետ տրանսպորտային հաղորդակցության համար միջանցք տրամադրելը նշանակում է Հայաստանի ինքնիշխանության խախտում, որովհետև Հայաստանի մաքսային, սահմանային ծառայությունները, «ազգային անվտանգության ծառայություն» կոչվածը, ոստիկանությունն այդ միջանցքում ուղևորների, տեղափոխվող բեռների ստուգում իրականացնելու և այլ առումներով որևէ իրավազորություն չեն ունենալու: Միջանցքը, ի տարբերություն ճանապարհի, տիրապետելու է Ադրբեջանը, այնտեղ Ադրբեջանի համապատասխան ծառայությունների իրավազորությունն է լինելու:
Երկրորդ. Ալիևը կամ Ադրբեջանը երբեք չեն խոսել Ադրբեջանը հատող Հյուսիս- հարավ տրանսպորտային միջանցքի մասին որպես միջանցքի կարգավիճակ ունեցող լոգիստիկ միջոցի, որում Ադրբեջանի մաքսային, սահմանային ծառայությունները, ոստիկանությունը, անվտանգության ծառայությունը որևէ իրավազորություն չեն ունենա, փոխարենը կլինի Հայաստանի համապատասխան մարմինների ու ծառայությունների իրավազորությունը: Այնպես որ, այս առումով ևս Ալիևը ստում է:
Երրորդ. մի պահ համարենք, թե Ալիևը «միջանցք» բառեզրն օգտագործելով, «Զանգեզուրի միջանցք» ասելով նկատի ունի ոչ թե միջանցք՝ միջանցքի կարգավիճակով, այլ ճանապարհ: Իսկ ի՞նչ է՝ Հայաստանը պարտավո՞ր է իր թշնամիներին՝ Ադրբեջանին ու Նախիջևանին միմյանց հետ հաղորդակցվելու համար ճանապարհ տրամադրել: Նրանց արած այդ ո՞ր մի լավության կամ բարի կամքի արտահայտության դիմաց: Գուցե Արցախը բռնազավթելու և հայաթափելու՞ դիմաց… Հայաստանի ինքնիշխան տարածքները բռնազավթելու՞, առ այսօր տիրելու և չվերադարձնելու՞, նույնիսկ վերադարձնելու իրավական պարտավորություն չստանձնելու՞ դիմաց: Թեև մենք շատ լավ գիտենք, որ նենգ թշնամու ստանձնած նույնիսկ իրավական բնույթի ցանկացած պատավորություն զուգարանի թղթից չի տարբերվում, զինադադարի վերաբերյալ 1994թ. մայիսի Բիշքեկյան արձանագրությունը վկա:
Դե, իհարկե, Ալիևն ասում, հիշեցնում է, որ Հայաստանը 2020 թ. նոյեմբերի
9-ի եռակողմ հայտարարությամբ պարտավորվել է ապահովել «տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արևմտյան շրջանների միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով», Նիկոլ հայադավն էլ, ըստ էության, այդ առումով Ալիևի թելն է թելում, բայց նշված փաստաթղթով, նախ, ի հեճուկս Ալիևի, ոչ թե միջանցք, այլ ճանապարհ է նախատեսված:
Եվ երկրորդ, ինչը պակաս կարևոր չէ. Ադրբեջանն ամբողջությամբ ու կոպտորեն խախտել է եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները, մասնավորապես, 1-ին կետով նախատեսվածը («Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից: Ադրբեջանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա»), 6-րդ կետով նախատեսվածը, ըստ որի, Լաչինի միջանցքը «կմնա ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո», 9- րդ կետով նախատեսվածը՝ «Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը»:
Վերը շարադրվածի, այսինքն՝ Ադրբեջանի կողմից տվյալ փաստաթղթով ստանձնած իր պարտավորությունների ավելի վաղ խախտման հիմքով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, եթե նույնիսկ համարենք, թե այն ի սկզբանե որևէ իրավական ուժ ուներ, ընդհանրապես կորցրել է իր իրավական ուժը, բացարձակապես առոչինչ է, սակայն Նիկոլ հայադավը միտումնավոր չի հայտարարում հիշյալ հայտարարության ուժը կորցրած, առոչինչ լինելու մասին, որպեսզի պետական դավաճանության հերթական դրսևորմամբ, հօգուտ ոչ թե իր, այլ մեր արտաքին թշնամու (Ադրբեջանի), և ի վնաս մեր պետության, կատարի եռակողմ հայտարարության 9-րդ կետով Հայաստանի ստանձնած պարտավորությունը:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 11262

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ